Contacts

92 Bowery St., NY 10013

+1 800 123 456 789

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործիչ

Կարեն Վարդանյան

Կարեն Դերենիկի Վարդանյանը (նոյեմբերի 301963Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ – հուլիսի 102020Երևան, Հայաստան), տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործիչ, 2007 թվականից մինչև մահ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), այնուհետ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն։ Կարեն Վարդանյանն Արցախյան շարժման առաջին օրերից զբաղվել է ակտիվ հասարակական, քաղաքական գործունեությամբ։ 1988 թվականի հունիսին համախոհների հետ հիմնադրել է Հայաստանի «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» կուսակցությունը։ Մշտապես ընտրվել է կուսակցության ղեկավար խորհրդի կազմում՝ որպես արտաքին կապերի պատասխանատու։ Նրա նախաձեռնությամբ ու գործուն մասնակցությամբ են կազմակերպվել ու իրականացվել Արցախի վերամիավորման մասին որոշման, Հայաստանի անկախության հռչակագրի ու մի շարք այլ պատմական որոշումների ընդունման գործընթացները։ 20022005 թվականներին Կարեն Վարդանյանը փոխտնօրեն է աշխատել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում։ Հայաստանի Հանրապետության առևտրի ու արդյունաբերության նախարարությունում` ղեկավարել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչությունը։ 2007 թվականից եղել է Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, իսկ այնուհետև, 2019 թվականից՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրենը։ Կարեն Վարդանյանը միջազգային մասշտաբի միջոցառումների կազմակերպման իր 25-ամյա գործունեության ընթացքում նախաձեռնել և իրագործել է մի շարք ծրագրեր, ինչպիսիք են Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT2019), ԴիջիԹեք  ամենամյա ցուցահանդեսը, Բիզնես ինովացիոն ֆորումը, Դիջիթեք բիզնես ֆորումը, Robotex Armenia ռոբոտաշինության մրցույթը, Անօդաչու թռչող սարքերի մրցույթը, Open Game խաղերի նախագծման մրցույթը, ապրիլյան պատերազմից հետո մոբիլիզացիայի ծրագիրը, զորացրվածների համար տեխնոլոգիական կրթության դասընթացերը («Բանակից ՏՏ»), Հայաստանում ռոբոտաշինության զարգացման և աջակցման ArmRobotics ծրագիրը և այլն։ Կարեն Վարդանյանը 7 արտոնագրված գյուտերի հեղինակ է։ Կարեն Վարդանյանը հեղինակել և իրագործել է Արմաթ ինժեներական լաբորատորիաների նախագիծը, ինչպես նաև մեծ ներդրում ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների մի շարք նախագծերի և տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերի ստեղծման գործում։
Աշխարհում ամենաբարձր մոտիվացիան ծառայության մոտիվացիան է:

Ազատ հարթակ Կարեն Վարդանյանի մասին գրառումների համար

Հարգելի ընկեր,

Եթե ունեք հետաքրքիր պատմություն, Կարեն Վարդանյանի հետ անցկացրած ձեր կյանքից որևէ դրվագ և ցանկանում եք այն կիսել մեզ հետ, ապա թողեք ձեր գրառումը այստեղ ՝ նշելով իրադարձության տարեթիվը և ամսաթիվը, կամ ուղարկեք մեզ հետևյալ հասցեով [email protected] .




    Ընկերները Կարեն Վարդանյանի մասին

    Հրանտ Խաչատրյան

    Գարեգին Խումարյան

    Հովհաննես Ալոյան

    Իվոն Չիու

    Մյուրիել Միրաք Վայսբախ

    Տաթևիկ Ռևազյան

    Արամ Կարապետյան

    Հայաստանի ՏՏ - ն պարտական է WiFi -ին կամ ինչպես Կարեն Վարդանյանը գնաց Անդրանիկ Մարգարյանի մոտ Հրանտ Խաչատրյան

    Հուլիսի 12, 2020

    https://a1plus.am/hy/article/373730

    Անդրանիկ Մարգարյանի վարչապետության սկիզբն էր

    Մի օր Կարենն ասաց

    - Կզանգե՞ս գնանք վարչապետի մոտ։

    - Պայմանավորվեմ գնա, գործադիր իշխանության հետ չեմ սիրում մոտիկից շփվել։

    - Միասին պիտի գնանք, քո ներկայությունը կարևորա։

    - Լավ էլի Կարեն, դու Նավասարդյանի օրոք ինձնից շատ ես իր հետ շփվել Արցախ կոմիտեում։

    - Չէ, ուրիշ հարցա։

    - Լավ։

    Գնացինք Վարչապետի սեղանին թղթապանակ դրեց ու սկսեց պատմել WiFi - տեխնոլոգիաների ու ցանցերի տարածման մասին։ Հետո ասաց, որ Մարգարյանը պետք է ազատականացնի այդ հաճախականությունների տիրույթը։

    - Կարեն ջան ախ էդ դիապազոնը Սովետի ժամանակներից ԿԳԲ - իննա ու Էնվեդեինը։ Գիտե՞ս ինչ շուխուր են հանելու։

    Կարենը շարունակեց հիմնավորել, որ Վրաստանը, Թուրքիան ու տարածաշրջանի շատ երկրներ արդեն ազատականացրել են ու մենք անտեղի հետ ենք ընկնելու։

    Մարգարյանը շուռ եկավ իմ կողմը

    - Հրանտ ջան մեր ընկերն ինձանից ի՞նչա ուզում։

    Պատասխանեցի

    - Ես իրա կողմից եմ։ Ասել եմ, որ միասին Կիբեռնետիկա ենք ավարտել ու դու էլ ելք չունես։

    - Լավ Կարեն ջան կմտածեմ։

    Կարեն

    - Մտածելու ժամանակ չկա։ Մեկ, մեկուկես տարի հետո կյանքը ստիպելու է որ ազատականացնեք, բայց արդեն շատ ենք ուշացած լինելու։

    Վարչապետն անօգնական սուզվեց բազկաթոռի խորքը, խղճահարող հայացքով նայեց Կարենին ու անկեղծ արտաբերեց

    - Կարեն ջան, ցավդ տանեմ Թող էդ մի բանն էլ կյանքը ստիպի հետո անեմ էլի։

    Երկուսով դժգոհ նայեցինք Անդրանիկին։

    Վարչապետը քրտնած ճակատը մաքրեց, սելեկտորով միացավ նախարարներից մեկին ու ասաց, որ Կարենին ընդունի։

    Կարճ ժամանակ անց իմացա, որ Էկոնոմիկայի նախարարությունում նոր IT վարչություն են բացել ու Կարենին նշանակել են վարչության պետ։

    Էլի որոշ ժամանակ անցավ։ Կարենը եկավ, թե Էլի պիտի գնաս Մարգարյանի մոտ։ Ասացի, որ մենակ չեմ գնա։ Խոստովանեց, որ նախարարությունից դուրս է գալիս ու մենակ ես կարող եմ լուրն այնպես հաղորդել, որ ինքը մեզանից չնեղանա։ Ասեցի բա պաշտոնն ի՞նչա խանգարում։ Պատասխանեց, որ պաշտոնը պետք էր ՏՏ-ն երկրի տնտեսության գերակա ոլորտ հայտարարելու համար։ Իսկ էնտեղ ուրիշ բան անել հնարավոր չէ։ Դուրս է գալիս, որ մասնավորի հետ ոլորտը կազմակերպի։

    Հանդիպեցի, փոխանցեցի

    - Այ Կարեն, հո դու փորձանք չես Փորձանքա բա ինչա։ Ես էլ ասելեմ փոխնախարարի տեղ ազատեն Կարենի համար։ Հետո լավ նախարար կաշխատեր։ Հետո էլ ասում եք պրոֆեսիոնալներին տեղ չենք տալիս։ Բա հիմա ի՞նչ եմ անելու ․․․ Մենախոսեց վարչապետը։

    Վերջին երկու մտքերն ինձ էլ էին ուղղված։

    Ստիպված եղա Կարենի ողջ ասածը իմ քաղցր մեկնաբանություններով լրիվ փոխանցել Մարգարյանին, գոնե ոչ-ոքիով բաժանվելու համար։

    Այնպես որ Հայաստանի ՏՏ - ն պարտական է WiFi -ին։

    Գարեգին Խումարյան

    Հանրային ռադիոյի տնօրեն

    Հուլիսի 10, 2020

    Կարեն Վարդանյանը վիշապաքար շատ էր սիրում: Մի վիշապաքար էլ ինքն էր՝ կյանքի ու մահվան չափ հին ու ծանր, ուստի երկուսն էլ թեթև էր տանում:

    Պապի փեթակների բզզոցի, մոր ձեռքերի հոտի, գրկած առաջին աղջկա շնչառության... միջով բարձր (կարենավարի) խնդալով սլանում է դեպի վիշապաքարային իր դրախտը, որտեղ ալպիական մարգագետինը ժայռային ծանրության տակ փոս կընկնի, իրեն կիսով չափ կառնի մեջն, ու խխունջներն ու մողեսները կբարձրանան վրան փոր տաքացնելու:

    Ով տեսել է Կարենին սարի կանաչներին պառկած՝ ոտքը ոտքին, ձեռքրեը գլխի տակ, խոտի ցողունը բերանը, կհասկանա՝ ինչ եմ ասում:

    Կարենի դրախտում միշտ Սոլակ է, մայիս ու ժամը 12 անց կես, որ արևը 90 աստիճանի տակ լինի, որ երբ պառկես խոտին, արևն աչքերով չէ՝ կոպերովդ տեսնես:

    Հովհաննես Ավոյան

    Պիկսարտ ընկերության հիմնադիր

    Երկար մտածեցի թե ինչը կուրախացներ իմ սիրելի, լավատես, կենսուրախ, նորարար և Հայաստանին անչափ նվիրված ընկերոջս: Ոչինչ չի կարող թեթևացնել մեր բոլորիս ցավը:

    Ի հիշատակ և ի գնահատանք մեր Կարենի՝ ՏՏ ոլորտում ունեցած հսկայական ավանդի, որոշեցի հիմնել Կարեն Վարդանյանի անվան կրթաթոշակ։ Կրթաթոշակը կտրամադրվի Կարենի նախաձեռնած Արմաթ ծրագրի խոստումնալից շրջանավարտներից մի քանիսին բարձրագույն կրթություն ստանալու համար։ Համոզված եմ, որ սա հենց այն է, ինչը կլիներ Կարենի սրտով: Հորդորում եմ մյուս ընկերություններին միանալ մեր նախաձեռնությանը՝ այդպիսով ընձեռելով ավելի մեծ թվով երեխաներին բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն։ Կարեն ջան, դու միշտ կմնաս մեր հոգում և սրտում:

    Ննջիր խաղաղությամբ իմ լավ ընկեր։

    Իվոն Չիու

    Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախկին նախագահ

    «Չեմ կարող պատշաճ կերպով արտահայտել իմ խորին վիշտը՝ լսելով մեր մեծ ընկեր և գործընկեր Կարեն Վարդանյանի մահը։ Իմ ամենաանկեղծ և խորին ցավակցություններն եմ հայտնում Կարենի ընտանիքին, մտերիմներին, ընկերներին և գործընկերներին։ Որպես ԱՏՁՄ գործադիր տնօրեն՝ Վարդանյանը համարվում էր «Հայաստանի տեխնոլոգիական արդյունաբերության հայրը»: Նրա նվիրումը իր երկրին, ՏՀՏ ոլորտին և հատկապես երիտասարդությանը ոգեշնչող էր, անքակտելի, ինչը մշտապես կհիշվի»։

    «WITSA-ն շատ հպարտ էր, որ 2019 թվականին Կարենին շնորհեց իր ամենաբարձր և ամենահեղինակավոր մրցանակը՝ WITSA-ի նշանավոր անձանց մրցանակը։ Մրցանակը շնորհվում է մարդկության մեջ նշանակալի ներդրում ունեցող անձանց։ Նրա անունը պատմության մեջ կմնա այլ լուսավորչականների հետ: Վարդանյանը մեծ մարդ էր և շատ համեստ մարդ։ Մենք նրան շատ կկարոտենք»։

     

    Մյուրիել Միրաք Վայսբախ

    լրագրող – գրող

    «Կարենը շատ հստակ, հավակնոտ տեսլական ուներ. Հայաստանում տեխնոլոգիական արդյունաբերությունը ամենաբարձր մակարդակով վերականգնելու համար անհրաժեշտ կլինի ոչ միայն փոքր թվով մասնագետներ կրթել, այլ ՏՏ մշակույթը տարածել ողջ երկրում։ Դպրոցների խմբակներն այս ուսումնական գործընթացի առաջ շարժող ուժն էին։ Նա ցանկանում էր արդյունաբերութուն-կրթության ուղղակի կապ ստեղծել, որով ընկերությունները կաջակցեին դպրոցներում իրականացվող ծրագրերին և նաև կպատրաստեին ուսանողներին իրենց ձեռնարկություններում հետագայում աշխատելու համար: «Մեկ ընկերություն, մեկ դպրոց» սա էր կարգախոսը, և 2014 թվականի մեր այցելության ժամանակ նա հայտնեց, որ Հայաստանում կա մոտ 500 նման փոքր և միջին ընկերություն. նրա հույսն այն էր, որ այդ թիվը մինչև 2018 թվականը կավելանա մինչև 1400, և որ նա կկարողանա դրանք համապատասխանեցնել դպրոցներին: Ի վերջո, նա նպատակ ուներ հասնել երկրի յուրաքանչյուր դպրոց»:

    Տաթևիկ Ռևազյան

    ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար

    Թանկագին Կարեն,

    Ես ուղղակի չեմ կարողանում հավատալ այն փաստին, որ մենք ունեցանք մեր վերջին խոսակցությունը:

    Դու իմ կյանքի ամենամեծ ներշնչանքի աղբյուրներից մեկն ես եղել: Ինձ պատմած քո պատմությունները, թե ինչպես էիք կառուցում ՏՏ ոլորտը Հայաստանում, ինձ վրա շատ մեծ ազդեցություն են թողել: Քո պատմությունները ինձ սովորեցրեցին հասկանալու, թե ինչպես մի քանի նվիրված մարդիկ կարող են փոխել մի ամբողջ ոլորտ: Դու ինձ սովորեցրեցիր, թե ինչպես հասնել մեծ նպատակների՝ քիչ ռեսուրսներով, վառ երևակայությամբ և ստեղծագործական մտքով: Դու ինձ ցույց տվեցիր, թե ինչպես պետք է սիրել Հայաստանը առանց նախապայմանների: Դու բացեցիր իմ աչքերը տեսնելու այն հիանալի կարողությունները, որ Հայաստանի ամենահեռավոր գյուղերում ունեն մեր երեխաները : Դու երբեք չես կասկածել ինձանում, երբեք չես կասկածել երիտասարդների ուժի մեջ: Միշտ գտել ես ժամանակ հանդիպելու և կիսվելու քո գիտելիքներով:

    Հիմա մենք այն բախտավոր մարդկանցից ենք, ովքեր մեծ պատիվ ունեն քեզ ճանաչելու և մեծ պարտավորություն քո գործը շարունակելու: Մեր փոքրիկ Մոնթեան նույնպես կմեծանա քո թողած հսկայական գործը հիշելով և դրանով կրթվելով:

    Արամ Կարապետյան

    քաղաքական գործիչ, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ

    Կարեն Վարդանյան...ՄԱՐԴ, որի կյանքի ամբողջ ուղին ՝մաքառում և պայքար էր...Միասնական Հայաստանի համար, զարգացման համար, ճշմարտության համար...Կյանքի համար...Ու, ինչքան էլ դժվար էր կռիվ տալ տգետների և անբանների հետ՝չկոտրվեց, մնաց միշտ նույնը...Հանգչիր Խաղաղությամբ, մեր լավ ու սիրված՝ Ընկեր…ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՍ...